Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը

Գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը
02.12.2008 | 00:00

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
1988-ից ի վեր ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր։ 2005-2010 թվականների համար պայքարի նշանաբանն է՝ «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը։ Կատարե՛ք խոստումը»։ Աշխարհի բոլոր երկրները համատեղ ուժերով փորձում են պայքարել այս հիվանդության դեմ։
ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981 թ., իսկ 2007 թ. դեկտեմբերի դրությամբ` աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության կայքէջից, 1988-ից մինչև 2008-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք: Ընդ որում, 2007 թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008 թ. ընթացքում` 118 նոր դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 489 մարդ (74,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 167 դեպք (25,5%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Հայաստանում արձանագրվել են նաև մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 284-ի մոտ (կին` 59, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 2007թ. ընթացքում 59, 2008թ. ընթացքում` 74 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 154 դեպք: Մահացածների թվում են 24 կին և 3 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և հավանաբար ՄԻԱՎ-ով վարակվել է Ռուսաստանում և Ուկրաինայում: Բացի այդ, ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (59,5%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,7%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաքում` 301 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10,1%:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակակիր: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Մասնագետները դա պայմանավորում են լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և հետազոտությանդիմողների թվի աճով:
ՄԻԱՎ վարակի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունների պատճառով հնարավոր չէ միայն գրանցված դեպքերի հիման վրա դատել համաճարակի զարգացման միտումների մասին: Հիվանդությունն ունի երկարատև` 7-15 տարի շարունակվող թաքնված շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ դատել մարդու՝ ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտությունն է: Ահա թե ինչու ՄԻԱՎ-ի տարածվածության իրական մակարդակը բացահայտելու, համաճարակի զարգացման միտումները պարզելու համար պարբերաբար իրականացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտելու բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը, այլև պարզելու ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը և ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծային գործոնները, նաև գնահատելու իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Սկսած 2005 թ. փետրվարից՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվում է հակառետրովիրուսային բուժում, բուժման մոնիտորինգ, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում և հետկոնտակտային կանխարգելում: 2008 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով 94 հիվանդ, այդ թվում` 4 երեխա: Ընդհանուր առմամբ թվով 329 ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդ գտնվում է դիսպանսերային հսկողության ներքո ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Այժմ ՀՀ-ում հակառետրովիրուսային բուժումը հասանելի է դրա կարիքն ունեցողների և նրանց համար, ովքեր տվել են իրենց համաձայնությունը: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, այդ թվում` կանխարգելիչ հակառետրովիրուսային բուժումը, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ունեցող բոլոր հղի կանանց:
ՄԻԱՎ-ն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում վարքագծով և կենսակերպով: Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսևորել անվտանգ վարքագիծ` զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաև ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: Համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարևոր չեն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձևավորումը, նաև կանխարգելման միջոցների, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովումը: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5436

Մեկնաբանություններ